ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը, հաղորդվել է ուրբաթ ԵԱՀԿ-ի կայքում:
Այդ հարցը Լայչակը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ:
«Համանախագահները տեղեկացրել են հումանիտար հարցերում առաջընթացի մասին՝ ներառյալ ձերբակալվածների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունել է այդ հումանիտար քայլը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լայչակի խոսքով՝ այդ քայլը ցույց է տալիս, թե «ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների մարդկանց համար, որոնք տուժել են հակամարտությունից»: Նա նաև աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացքում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:
Միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում, ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Operativ.am-ըն ավելի վաղ հայտնել էր, թե ՀՀ ԱԳՆ-ից լրատվական կայքի հարցադրմանը պատասխան է տրվել, որ այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի