Վանի Աղթամարում «Մեղեդիներ Ուրարտուից մինչեւ Եվրոպա» խորագրով համերգ է տեղի ունեցել
Վանա լճի Աղթամար կղզում հունիսի 28–ին «Մեղեդիներ Ուրարտուից մինչեւ Եվրոպա» խորագրով համերգ է տեղի ունեցել։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ նման նախաձեռնությամբ է հանդես եկել Վանի առևտրի և արդյունաբերության պալատի ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը:
Համերգի կազմակերպիչներից Վանի առևտրի և արդյունաբերության պալատի ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի համակարգող Քերեմ Օրուչը ‹‹Շեհրիվան›› պարբերականի թղթակցին տված հարցազրույցում նշել է, թե համերգի հիմնական նպատակը Վանա լճի նշանակության մասին հասարակության մեջ գիտակցության ձևավորումն է:
Օրուչը նաև ասել է. ‹‹Մենք նպատակադրվել ենք կիսվել համաշխարհային արժեքներով: Մեր կազմակերպությունն ամեն տարի նման միջոցառումներ է կազմակերպում Վանում ՝ այստեղի մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ հասարակության մեջ գիտակցություն ձևավորելու նպատակով: Նախանցյալ տարվա միջոցառումն արել էինք Վանի ամրոցի վրա, իսկ դրանից մեկ տարի առաջվանը՝ Աղթամար կղզում: Այս տարի ևս Աղթամարում ենք կազմակերպելու: Շարունակելու ենք ամեն տարի զանազան վայրերում նման գիտակցություն ձևավորող մեր միջոցառումները: Միակ նպատակը Վանի պատմական և բնական արժեքները, մշակութային ժառանգությունը պահպանելն է››: