Հայաստանը հանձնառու է կայուն զարգացման ոլորտում նպատակների ակտիվ իրականացմանը
ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպում են անցկացրել` շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի առաջնահերթությունները, նպատակները և կոնկրետ գործողությունները որոշելու համար:
«Եվրոպական միությունը շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի շրջանակում Արևելյան գործընկերության երկրներից, Եվրամիության անդամ պետություններից, ԵՄ կառույցներից բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային գործընկերները մասնակցել են Բրյուսելում առաջին միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում գործընկերները կարողացել են պայմանավորվել կոնկրետ երկրների համար աշխատանքային ծրագրերի մասին՝ բարենպաստ տնտեսական աճը և հասարակության կայունությունը և քաղաքացիների բարեկեցությունը բարելավող քաղաքականության իրականացման և կատարելագործման համար:
«Բնապահպանական ոլորտում Արևելյան գործընկերության երկրների հետ մեր համագործակցությունը ավելի ուժեղ է, քան երբևէ, և արդեն շոշափելի առավելություններ է տալիս ողջ տարածաշրջանի քաղաքացիների ամենօրյա կյանքում:
ԵՄ-ն եւ արևելյան գործընկերները միասին աշխատում են մեր համատեղ հավակնությունների ընդլայնման ուղղությամբ՝ շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության խնդիրների լուծման համար», - ասել է Եվրահանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան:
Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հանձնառու են ակտիվորեն իրականացնել Կայուն զարգացման ոլորտում նպատակները և այլ միջազգային պարտավորությունները, ներառյալ Փարիզի Համաձայնագրին համապատասխան՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարին վերաբերող հարցերը:
Բացի այդ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ն «20 արդյունք 2020-ին»-ի շրջանակում իր գործընկերների հետ նաև համաձայնեցրել է որոշակի նպատակներ:
Այդ համատեքստում EU4Environment ծրագիրը աջակցում է երկրներին ավելի կանաչ, ավելի արդյունավետ և կայուն տնտեսությանն անցում կատարելու, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծման համար: Լրացուցիչ միջոցները իրականացվելու են EU4Climate ծրագրի շրջանակում: