Կոմիտասի 150-ամյակին և Արգենտինայում հայկական համայնքի ինտեգրմանը նվիրված միջոցառման վերաբերյալ (Լուսանկարներ)
Հունիսի 26-ին Բուենոս Այրեսում Արգենտինայի ազգային միգրացիոն տնօրինության կենտրոնակայանում տեղի ունեցավ Միգրացիոն ազգային տնօրինության և Արգենտինայում ՀՀ դեսպանության համատեղ միջոցառումը, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին և Արգենտինայում հայկական համայնքի ինտեգրմանը: Միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արգենտինայի միգրացիայի ազգային տնօրեն Օրասիո Գարսիան (Horacio García), ով բարձր գնահատեց տարիներ շարունակ հայկական համայնքի կողմից ունեցած ներդրումը Արգենտինայի տնտեսության և սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր ելույթում անդրադարձավ հայ-արգենտինական բարեկամության պատմության որոշ ուշագրավ դրվագներին, երախտագիտություն հայտնեց Միգրացիոն ազգային տնօրինությանը՝ ՀՀ դեսպանության հետ սերտ համագործակցության և մշտապես ցուցաբերվող աջակցության համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Արգենտինայում հայկական ներկայության և Կոմիտաս վարդապետի մասին պատմող ֆոտոցուցահանդես, իսկ հայ երգչուհի Ալլա Ավետիսյանի կողմից կատարվեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Միջոցառման ավարտին Արգենտինայի ազգային փոքրամասնությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ի հավաստումն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հաստատակամության, աշխարհի տարբեր լեզուներով բեմից հնչեցրին «Այլևս երբե´ք» կոչը: