Իտալիայում շոգից 3 մարդ է մահացել
Այս օրերին Ապենիններում գրանցված անոմալ շոգերի զոհն է դարձել արդեն 3 մարդ: Իտալիայի առողջապահության նախարարությունը երկրի 16 խոշոր քաղաքներում ուրբաթ սահմանել էր եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության նախարարության ամենօրյա տեղեկագրի համաձայն՝ խոսքն առաջին հերթին խոշոր վարչական կենտրոնների մասին է, մասնավորապես՝ Հռոմի, Միլանի, Նեապոլի, Թուրինի, Վենետիկի, Բոլոնիայի եւ Ֆլորենցիայի, որտեղ ջերմաչափի սյունը հիմա հասել է ընդհուպ 40 աստիճան նիշին:
«Կարմիր» մակարդակ տալը նշանակում է, որ ամառային տապը, որը հաճախ ուղեկցվում է բարձր խոնավությամբ եւ տոթով, իրական վտանգ է սպառնում առողջական լուրջ խնդիրներ չունեցող մարդկանց:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Իտալիայում ներկայիս շաբաթը դարձել է տարվա «ամենաթեժ» ժամանակահատվածը: Երկրի որոշ քաղաքներում եւ շրջաններում հունիսին այսպիսի շոգ չի գրանցվել 1950-ական թվականների կեսերից: Սպասվում է, որ շաբաթից սկսած օդի ջերմաստիճանն, այնուամենայնիվ, կնվազի: Այդ օրը «կարմիր» մակարդակ կսահմանվի Իտալիայի միայն 4 քաղաքում, որոնց թվում է մնում Հռոմը: