Պուտինի և Թրամփի հանդիպումը տևել է 1.5 ժամ
Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տևել է 1.5 ժամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպումից հետո Սպիտակ տունը Twitter-ի էջում հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, թե հարաբերությունների բարելավումը բխում է յուրաքանչյուր երկրի և ամբողջ աշխարհի շահերից: Կողմերը քննարկել են նաև Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Նախագահները համաձայնել են, որ երկու կողմերը կշարունակեն քննարկումները 21-րդ դարի սպառազինությունների վերահսկման մոդելի վերաբերյալ, որը, ինչպես նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, պետք է ներառի Չինաստանին», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, և առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Թրամփին ուղեկցել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, օգնական Ֆիոնա Հիլը, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ նախագահի դուստր Իվանկան և փեսան` Ջարեդ Քուշները, ով նախագահի ավագ խորհրդականն է:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ.am-ը տեղեկացրել էր, որ Օսակայում մեկնարկել է Պուտինի և Թրամփի հանդիպումը: