Խաչատուրյան քույրերի մասին Մալախովի հաղորդումը հեռացրել են եթերից
«Ռոսսիա 1» հեռուստաալիքը եթերից հեռացրել է Խաչատուրյան քույրերի մասին հաղորդումը, որը վարում է Անդրեյ Մալախովը։ Այդ մասին Facebook-ում գրառում է կատարել ակտիվիստ Դարյա Սերենկոն։
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին նա հաղորդման հյուր պետք է դառնար, սակայն հեռուստաալիքն առանց որևէ փաստարկի շտապ հեռացրել է եթերից հաղորդումը։
Ակտիվիստը համարում է, որ պատճառը ԶԼՄ-ներում աղջիկների հրապարակումներն են։
«Ցուցմունքները, որոնք ոչ ոք իրավունք չուներ հրապարակել, քանի որ այնտեղ անչափահասի ցուցմունքներ են»,-հավելել է Սերենկոն։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 27–ին Մոսկվայի տներից մեկում հայտնաբերվել է 57–ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը։ Նրա հետ հաշվեհարդար են տեսել նրա աղջիկները (17–19 տարեկան)։ Բոլոր երեք աղջիկները հայտարարել են, որ այլևս չեն դիմացել բռնակալ հոր կողմից երկար տարիներ տևող ծաղրանքներին, ով իբր պարբերաբար բռնաբարել է իրենց։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են իրենց մեղքն ու պարզաբանել, որ «նրանց մոտ անբարյացակամ վերաբերմունք է ձևավորվել հոր նկատմամբ վերջինիս կողմից հասցված երկարատև բարոյական տանջանքների պատճառով»։ Երեք քույրերն էլ կալանավորվել են:
Սպանվածի հարազատներն իրենց հերթին հայտարարում են, որ աղջիկները զրպարտում են և վաղուց են պլանավորել նրա սպանությունը։
Աղջիկների մայրն էլ, Աուրելիա Դունդուկը, Ռուսական «Պրյամոյ էֆիր» հաղորդման եթերում պատմել է, թե ինչու վերջին տարիների ընթացքում չի ապրել աղջիկների հետ, և ինչն է ստիպել իրեն հեռանալ տնից։
«Ես չունեի անձնական կյանք։ Նա սովորություն ուներ` գլխին խփել։ Այո, ես ստիպված եմ եղել դիմանալ այդ ամենին, քանի որ բացի ինձանից ոչ մեկ չէր կարող պաշտպանել իմ երեխաներին։ Երբեք թույլ չեմ տվել, որպեսզի նա վիրավորի իրենց, միշտ վերցնում էի ամեն ինչ ինձ վրա», – պատմել է նա։
Դունդուկը հայտնել է, որ նա մի քանի անգամ փորձել է հեռանալ, սակայն Խաչատուրյանը ամեն անգամ գտնում էր իրեն և բերում էր հետ` տուն։
«Այս անգամ միքիչ տարօրինակ էր, սպասում էի, որ նա կգտնի ինձ։ Ես արդեն նրա տարածքում չէի, մտածում էի, կարող է ինչ–որ բան կարողանամ փոխեմ այս կյանքում։ Նա այդպես էլ չէր փորձում գտնել, փոխել ինչ–որ բան։ Սակայն ես անգամ չէի կարող մտածել, որ նա կանցնի երեխաների վրա», – պատմել է աղջիկերի մայրը։
Դունդուկը պատմել է նաև աղջիկների հետ տեղի ունեցած կարճ զրույցի մասին։
«Նրանք ասում էին` մամա, դա սարսափելի է, ավելի լավ է, դու ոչինչ չիմանաս։ Նրանք չեն ցանկանում ոչ մի կոնկրետ բան պատմել ինձ։ Ես անգամ մտածել չէի կարող, որ հայրը կբռնաբարի հարազատ դստերը, ես չեմ հասկանում, թե ոնց կարող է սեփական հայր է այդպիսի բան անել», – ասել է նա հաղորդման եթերում։