Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն աճուրդում
Շառլ Ազնավուրի՝ Քլոդ Մեսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները աճուրդում վաճառքի կհանվեն հունիսի 28-ին Ֆրանսիայում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին։
Շանսոնիեն վեց տարի նամակներ է գրել քսանամյա աղջկան, որին հանդիպել էր 1958-ին եւ որին կրքոտ սիրահարվել էր։ Ազնավուրը, որը հայտնի էր իր ռոմանտիկ երգերով, այն ժամանակ 34 տարեկան էր։ Նամակները հիշեցնում են սիրո մասին նրա լավագույն տեքստերը։
Պահպանվել են 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ եւ 9 հեռագիր։ Նամակագրության 118 էջերի արժեքը փորձագետները գնահատում են 30-40 հազար եվրո։