Կարեն Օհանջը միանգամից երկու նոր գիրք ներկայացրեց
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջը (Օհանջանյան) միանգամից երկու նոր գիրք ներկայացրեց: Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հունիսի 27-ին կայացավ Օհանջի հինգերորդ ու վեցերորդ գրքերի շնորհանդեսը: Ռուսալեզու «Про любовь и не о ней лишь только»-ն ներառում է Օհանջի պոեզիան, իսկ «Господь повелел, чтоб человеком я был» ժողովածուն՝ հեղինակի արձակն ու պոեզիան: Երկու գրքերն էլ լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Օհանջի խոսքով՝ անընդհատ ստեղծագործական մտքեր են առաջանում, և նա ստիպված է լինում գրել: Ասում է՝ ի տարբերություն այլ հեղինակների ինքը յուրաքանչյուր գործը ստեղծելուց անմիջապես հետո այն տեղադրում է համացանցում, և դրական արձագանքներ ստանում ընթերցողներից:
«Հաճախ է պատահում, որ թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում փողոցում քայլելիս ինձ մարդիկ են մոտենում, և իրենց կարծիքն արտահայտում իմ գործերի վերաբերյալ: Արդեն իսկ գրեթե պատրաստ է իմ յոթերորդ գիրքը. շուտով այն նույնպես կներկայացնենք ընթերցողին»,-նշում է Օհանջը՝ հավելելով, որ «Էդիթ Պրինտ»-ի հետ համագործակցությունը շատ բարձր է գնահատում:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանն իր խոսքում շնորհավորեց Կարեն Օհանջին՝ վերջին մեկ տարվա բեղմնավոր աշխատանքի կապակցությամբ: Նա առանձնահատուկ շեշտեց, որ առաջիններից է, ով ընթերցում է Օհանջի բոլոր ստեղծագործությունները, և նրա գործերի առաջին գնահատողն է: Մկրտիչ Կարապետյանի խոսքով՝ իրենք շարունակելու են հրատարակել Կարեն Օհանջի ստեղծագործությունները:
Հավելենք, որ շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան հեղինակի ընկերները, վերջում էլ Օհանջն իր բանաստեղծություններից ընթերցեց ներկաների համար:
Նշենք, որ Կարեն Օհանջանյանը հայտնի արցախցի հասարակական-քաղաքական գործիչ է, իրավապաշտպան, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող, պոետ: Եղել է արցախյան շարժման ակտիվ մասնակից. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: