Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը
Երևանի 2800 ամյակի այգին արդեն դարձել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի զբոսավայրը: Այն գրավում է բոլոր տարիքային խմբերին` ծեր թե մանուկ ամեն օր շտապում են այգի վայելելու գեղեցիկ տեսարաններն ու շատրվանների զովությունը: Հիշեցնենք, որ այս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու եզրային մասը: 2002թ.` Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս հատվածը կարծես կղզիացել էր: Խնամքի բացակայության պատճառով տարածքը մնացել էր անմխիթար վիճակում և դադարել էր ծառայել որպես այգի: Այստեղ մնացել էին միայն ծերացած, հիվանդ և փտած ծառեր, մաշված և վնասված նստարաններ, ավերված և չգործող շատրվանների մնացորդներ: Հենց այս տարածքում 2018-2019 թթ. ընթացքում կառուցվեց Երևանի 2800-ամյակի այգին: Այգու նախագծումը տևել է կես տարի, իսկ կառուցումը՝ մեկուկես տարի: Կառուցման ընթացքում փոխվեց ամեն ինչ. անգամ հողն ամբողջությամբ փոխարինվեց:
Այգու բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 10-ին: Բացմանը ներկա էին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետը, բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախագծի հեղինակն է Կարեն Վարդանյանը: Տվյալ նախագծի իրականացման համար ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար:
Այգու կառուցապատումից բացի` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019 թվականից սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին նաև հոգալու է այգու խնամքի ու պահպանության ծախսերը: Գլխավոր նախապայմանը, որ Երևանի քաղաքապետարանին ներկայացրել են բարեգործներ Միքայել և Կարեն Վարդանյանները, այն է, որ այգին մնում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: