Թրամփն ու Կիմ Չեն Ընը 12 նամակ են փոխանակել
Անցած տարեսկզբից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընդհանուր առմամբ 12 նամակ են փոխանակել։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի միավորման հարցերի նախարար Կիմ Են Չուլը, տեղեկացնում է AFP-ն։
«2018 թվականից նախագահ Կիմը գրել է ութ նամակ նախագահ Թրամփին, իսկ նախագահ Թրամփը չորս նամակ է գրել նախագահ Կիմին»,- ասել է նա լրագրողներին։
«Կարծում եմ, նրանք կարևորում են երկու երկրների միջև երկխոսության վերականգնումը, քանի որ մշտապես նամակներ են փոխանակում»։
Այս հանգստյան օրերին Սեուլը պետք է դիմավորեր ԱՄՆ նախագահին, քանի որ նա փորձում է վերսկսել միջուկային բանակցությունները, որոնք փակուղի էին մտել Թրամփի և Կիմի միջև փետրվարին, Հանոյում գագաթաժողովի ձախողումից հետո։
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Փհենյանը և Վաշինգտոնը «անդրկուլիսյան բանակցություններ» են վարում հերթական հանդիպումը կազմակերպելու համար։
Կիրակի Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Կիմ Չեն Ընը ստացել է ԱՄՆ նախագահի «հրաշալի բովանդակությամբ անձնական տեղեկությունը» այն բանից մի քանի օր հետո, երբ Թրամփն ասել էր, որ Կիմը նրան «հիանալի նամակ» է ուղարկել։
Հյուսիսային Կորեան, սակայն, դժգոհություն է հայտնել Հարավային Կորեային՝ հայտարարելով, որ այլևս չի դիմի նրա միջնորդությանը ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նաև կրկնել է իր պահանջը, որպեսզի Վաշինգտոնը նոր առաջարկություններ մշակի մինչև դեկտեմբերի վերջ դիվանագիտության վերականգնման գծով։