Կիևի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել ազգությամբ հայ Միխայիլ Բնո-Հայրիյանը
Ուկրաինայի Կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիևի ՄՊՎ (Կիևի մարզի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:
Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու առաջադրած Դոնեցկի, Անդրկարպատների, Կիևի, Լվովի, Օդեսայի, Խերսոնի և Չերկասկի մարզերի պետական վարչակազմերի ղեկավարների պաշտոնում 8 թեկնածուներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի կառավարությունում նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը, փոխանցում է AnalitikaUA.net-ը:
«Բոլոր 8 թեկնածուներն աջակցություն են ստացել: Քվեարկությունը միաձայն չի եղել: Այսօր մի քանի պատգամավորի թեկնածուներ, որոնք միաժամանակ նախարար են, ներկայացված բոլորին դեմ են քվեարկել»,- ասել է նա:
Գերուսը նշել է, որ նահանգապետների մյուս թեկնածուներին Զելենսկին կառաջադրի հաջորդ կառավարությանը:
Ավելի վաղ Զելենսկին կառավարության համաձայնությանն էր ներկայացրել Դոնեցկի նահանգապետի թեկնածու Պավել Կիրիլենկոյին, Անդրկարպատների՝ Իգոր Բոնդարենկոյին, Կիևի՝ «Ուկրէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Բնո-Հայրիյանին, Լուգանսկի՝ Լուգանսկյան ներքին գործերի համալսարանի ռեկտոր Վիտալի Կոմարնիցկուն, Լվովի՝ փաստաբան Մարկիյան Մալսկուն, Օդեսայի՝ Անդրեյ Անդրեյչիկովին, Խերսոնի՝ պաշտպանության նախկին փոխնախարար (2014-2016) Յուրի Գուսևին, Չերկասկի՝ Իգոր Շևչենկոյին: