Տեղի կունենա Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված համերգ
Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ`
նվիրված հանրահայտ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-
ամյակին։
Համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Յան Սիբելյուսի, Պիետրո Մասկանիի, Յոհան Շտրաուս որդու, Էռնեստո դե Կուրտիսի, Գեորգի Սվիրիդովի, Կամիլ Սեն-Սանսի, Իմրե Էմմերիխ Կալմանի ստեղծագործություններից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես կգան Նունե Արզումանյանը (դաշնամուր), Հայկ Դավթյանը (ջութակ), Արսեն Գևորգյանը (բարիտոն), Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր)։
Համերգը կղեկավարեն հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը, Նիկոլայ Պողոսյանը։
Երեկոյի ընթացքում կցուցադրվի մաեստրոյի ստեղծագործական ուղուն նվիրված տեսանյութ։
Յուրի Դավթյանը մեծ ներդրում ունի հայկական դիրիժորական դպրոցի
զարգացման գործում։ Տարբեր սերունդների նրա աշակերտներն այսօր աշխատում
են Հայաստանում, աշխարհի տարբեր երկրներում։
Շուրջ 20 տարի մաեստրո Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Յուրի
Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական,
Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում:
Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված երեկոն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։