Իրանի շուրջ իրավիճակը շատ վատ սցենարով է զարգանում. Լավրով
Իրանի ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները նշանակում են, որ իրավիճակը շատ վատ սցենարով է զարգանում: Երեքշաբթի մամուլի ասուլիսին այս մասին ասել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտահոգված ենք կատարվածից: Հերթական պատժամիջոցները, խիստ անձնավորված, որոնք նախօրեին հայտարարվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի ղեկավարության դեմ, մտահոգում են եւ ազդանաններ ուղարկում, որ իրավիճակը շատ վատ սցենարով է զարգանում», - ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքով՝ իրավիճակը «հիշեցնում է 2003 թվականի իրադարձությունները, երբ ՄԱԿ ԱԽ-ում հայտնվեց Քոլին Փաուելը (որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը)՝ հայտնի փորձասրվակով, երբ ԱՄՆ-ը մեկը մյուսի հետեւից պատժամիջոցներ էր մտցնում Սադամ Հուսեյնի (Իրաքի նախկին նախագահի) դեմ, առհասարակ Իրաքի դեմ։ «Մենք բոլորս հիշում ենք, թե ինչով ավարտվեց դա։ (2003 թվականի) մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց Իրաքում դեմոկրատիայի հաղթանակի մասին։ Եզրակացրեք, թե ինչպես է այդ դեմոկրատիան դրսեւորել իրեն դրանից հետո անցած 6 տարում»,- եզրափակել է Լավրովը։