300 դրամանոց բրոշյուրներն ավելի վատ են վաճառվում, քան 4000 դրամանոց գրքերը. մանկագրության մասին
«Մանկական գրականությունը նպաստում է երեխայի լեզվամտածողության զարգացմանը, ինչպես ֆանտաստիկ ֆիլմերը, այն ևս զարկ է տալիս փոքրիկի երևակայությանը: Ծնողները գոնե օրը մեկ անգամ պետք է գիրք կարդան իրենց փոքրիկների համար, իսկ եթե երեխան գրաճանաչ է, շատ ավելի լավ, նա ինքնուրույն կարող է դա անել»,-ասում է հոգեբան Անի Հովհանիսյանը: Հավելում է ՝ մանկական գրականությունը ձևավորվում է երեխայի աշխարհայացքը:
Operativ.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե որքանով են ծնողները նշանակություն տալիս մանկական գրականությանը, որքանով են պահանջված մանկական գրքերը: Այս առիթով զրուցեցինք «Նոյան տապան» և «Բուկինիստ» գրախանութների աշխատակիցների հետ. «Մեր ծնողները կարող են իրենց շատ բաներից զրկել, բայց երեխաների համար չեն խնայում ոչինչ, ամեն ինչ անում են, որ նրանք կրթված լինեն… Նույնիսկ ամենավատ տարիներին մանկական գրականությունը պահանջված էր»,- Operativ.am-ի հետ զրույցում ասաց «Նոյան տապան» գրախանութի աշխատակից Մարգարիտան:
Մեր հարցման ընթացքում պարզվեց, որ մանկական ամենապահանջված գրքերն են Գրիմ Եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի, իսկ հայ գրողներից՝ Հ. Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր գործերը:
«Ամենօր չեմ հասցնում երեխաներիս համար գիրք կարդալ, որովհետև աշխատում եմ, շատ եմ հոգնում, երբեմն նույնիսկ չեմ հասցնում երեխաներիս տեսնել… Նրանց համար հիմնականում ընթերցում եմ Հ. Թումանյանի հեքիաթները, Մ. Գոշի առակները,-ասում է 32-ամյա տիկին Սոնան և հավելում,-երբեմն ես կարդում եմ, իսկ պուճուրներս հեքիաթը ձևափոխած պատմում են, զվարճալի բան է ստացվում»:
Տարածված կարծիք կա, թե ինչքան գունազարդ է գիրքը, այնքան ավելի որակյալ է բովանդակային առումով: «Բուկինիստ» գրախանութի աշխատակիցներից Հասմիկը ժխտեց այդ լուրերը. «Դա կապ չունի, պարզապես տարիքային առանձնահատկություն կա, օրինակ՝ երեք տարեկանների համար նախատեսված են գունազարդ գրքեր, իսկ երեքից բարձր տարիքի երեխաները, ովքեր ցանկանում են կարդալ հեքիաթներ, ուշադրություն չեն դարձնում գունազարդմանը»:
Նշենք, որ մանկական գրքերի միջին գինը 1000-ից 4000 դրամն է: Մինչ շատերը բողոքում են, թե դրանք շատ թանկ արժեն և հարմար չեն իրենց գրպանին, «Նոյան Տապան» գրախանութի աշխատակիցն ասում է. «Ծնողներն ամենից շատ գնում են Հ. Թումանյանի հեքիաթների ժողովածուն՝ 4000 դրամ արժողությամբ: Կան նաև բրոշյուրներ, որոնց գինը 300-ից 700դրամ է, սակայն դրանք այդքան էլ լավ չեն վաճառվում»: Աշխատակցի խոսքով՝ իրենց գրախանութից օգտվում են նաև սփյուռքահայերը. «Հատկապես այս սեզոնին, արձակուրդների ժամանակ նրանք գնում են մանկական գրքեր և իրենց հետ տանում այն երկրներ, որտեղ ապրում են»:
Նազենի Բաղդասարյան