Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացում Շավիլ քաղաքում
Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները:
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շավիլի քաղաքային իշխանություններին՝ Մեծ Հայի և Մեծ Ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծեց այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդներն և երկու հայրենիքիները կամրջելու գործում:
Տեղեկանք․ Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։