Պոմպեոն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունների աշխատանքային մակարդակում արագ վերականգնման հույս ունի
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցություններն աշխատանքային մակարդակում կվերականգնվեն: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աշխատում ենք, որ Հանոյից հետո դրա համար հիմք ստեղծենք»,- նշել է նա:
Նրա կարծիքով՝ 2 կողմերը հիմա «լավ վիճակում» են, իսկ Թրամփի հղած ուղերձին Փհենյանի արձագանքը ցույց է տալիս աշխատանքային մակարդակում երկու երկրների շփումները վերականգնելու «միանգամայն իրական հնարավորությունը»: «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի առաջ գնալուն, եթե Հյուսիսային Կորեան հայտնի, որ այդ բանակցություններին պատրաստ է»,- եզրափակել է պետքարտուղարը:
Այս ամիս ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընից ուղերձ է ստացել: Սպիտակ տան ղեկավարը նրան շնորհակալություն էր հայտնել նամակի համար՝ ուղերձը որակելով «շատ լավ և անչափ ջերմ»: Հունիսի 23-ին Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը ծանոթացել է ԱՄՆ նախագահի նամակին, որի բովանդակությունը գերազանց է որակել:
Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև աշխատանքային մակարդակով բանակցություններն ընդհատվել էին Հանոյում տեղի ունեցած 2 երկրների առաջնորդների հանդիպումից հետո: