Թեհրանը լուրջ է վերաբերվում միջուկային գործարքում իր պարտավորությունների կրճատմանը
Թեհրանը լուրջ կվերաբերվի միջուկային գործարքում իր պարտավորությունների կրճատմանը, եթե եվրոպական երկրները չձեռնարկեն անհրաժեշտ գործնական քայլեր 60-արյա ժամկետը լրանալուն պես: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Հարազին, հաղորդում է Mehr-ը:
«Համաձայնագիրը ստորագրած եվրոպական երեք երկրներ որեւէ լուրջ քայլեր չեն ձեռնարկել [համաձայնագիրը պահպանելու համար], այդ իսկ պատճառով Իրանը կրճատում է իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում: 60-օրյա ժամկետից հետո կձեռնարկվեն հաջորդ քայլերը, եւ իրանյան իշխանությունները բավականին լուրջ են տրամադրված»,-լրագրողներին ասել է նա Մերձավոր Արեւելքում Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Էնդրյու Մարասինի հետ հանդիպումից հետո:
Հարազին մեջբերել է բրիտանացի դիվանագետին, որն ասել էր, որ INSTEX-ը (հատուկ ֆինանսական գործիք է) կգործադրվի առաջիկայում, եւ որ Մեծ Բրիտանիան պահպանում է Իրանի հետ համաձայնագիրը, սակայն Լոնդոնն իր խնդիրներն ունի Վաշինգտոնի հետ:
Նրա խոսքով՝ եվրոպացիները պետք է տրամադրեն ռեսուրսներ INSTEX-ի համար, որպեսզի այն կարողանա առեւտրային հարաբերություններ ունենալ Իրանի հետ: «Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Եվրոպան դատարկ խոստումներ է տալիս, թե գործնական քայլեր է ձեռնարկում երկու շաբաթվա ընթացքում, որոնք մնում են նախքան վերջնաժամեկտը»: