Իրանի վրա հարձակումը կպայթեցնի տարածաշրջանը. իրանցի գեներալ
Իրանի վրա հարձակումը թանկ կարժենա ԱՄՆ-ի համար եւ տարածաշրջանում «պայթյունի» պատճառ կդառնա: Այդ մասին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը երբեք առաջինը չի սկսի պատերազմը, սակայն թշնամու անգամ փոքր սխալը պատասխան կստանա Իրանի կողմից Արեւմտյան եւ Կենտրոնական Ասիայում, որի հետեւանքով հարձակվողները կզոհվեն:
«Եթե հակառակորդը արձակի գեթ 1 փամփուշտ, կստանա 10 փամփուշտ ի պատասխան, եւ թանկ գին կվճարի»,-հավելել է նա՝ զգուշացնելով, որ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած ակտը կառաջացնի այնպիսի «պատմական արձագանք», որ կստիպի հարձակվողների զղջալ իրենց որոշման համար:
Իրանի զինված ուժերը մեծ ուշադրությամբ հետեւում են ԱՄՆ-ի գործողություններին, նշել է գեներալը: «Հակառակորդի, հատկապես, ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում իր ռազմական դաշնակիցների սխալը համարժեք կլինի վառոդի տակառին կրակելուն, որում ԱՄՆ-ն է եւ իր շահերը, եւ դա կպայթեցնի տարածաշրջանն ու կայրի ԱՄՆ-ին»: