Ուկրաինայում մեկնարկել են Սբ. Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները
Ուկրաինայում մեկնարկել են Սբ. Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Հունիսի 22-ին Կիևում Ուկրաինայի հայերի միության և «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի նախաձեռնությամբ հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ հավաքվել են կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկվել են կարևոր, հեռանկարային ծրագրեր:
Միջոցառմանը ներկա են եղել գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, երաժիշտներ, հոգևորականներ և հասարակական գործիչներ:
Կլոր սեղանի մասնակցիները ողջունել են Ուկրաինայի հայ համայնքի ծրագրած միջոցառումները, նշվել են համատեղ քայլերը՝ Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային և պատմական ժառանգությունն ավելի հայտնի դարձնելու համար:
Մարիամ Աստվածածնի սրբապատկերը հանդիսանում է Ուկրաինայի հայերի հոգևոր ժառանգության ամենահայտնի մասունքներից մեկը: 1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկում վերակառուցված եկեղեցին օծվել են, և արքեպիսկոպոս Յակով Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը:
2011 թվականին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հայ-ուկրաինական բարեկամության օր հռչակել:
Ամեն տարի այդ օրն Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքը թեմատիկ միջոցառումներ է անցկացնում: Տոնակատարություններն ավարտվում են հունիսի 28-ին:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է համաուկրաինական միակ կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին: Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է հատկացնում գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին: