Սպառնալիք սպառնալիքի համար նշանակում է, որ եթե հակառակորդը մեզ վրա կրակում է մեկ անգամ, ապա կստանա 10 փամփուշտ. Իրան
Իրանի զինված ուժերի գլխավոր մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին ԱՄՆ-ին զգուշացրել է սխալ չգործել՝ ռազմական գործողություններ նախաձեռնելով Իրանի դեմ: Նրա խոսքով՝ ցանկացած հարձակում կործանիչ պատասխան կստանա եւ թանկ կարժենա Միացյալ Նահանգների համար, հաղորդում է Tasnim-ը:
Գործակալությանը տված հարցազրույցում գեներալը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք պատերազմ չի ծավալի, սակայն հակառակորդի փոքրագույն սխալ կարող է պատասխան ստանալ Իրանի կողմից:
«Սպառնալիք սպառնալիքի համար նշանակում է, որ եթե հակառակորդը մեզ վրա կրակում է մեկ անգամ, ապա կստանա 10 փամփուշտ»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ Իրանի զինված ուժերը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում՝ մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար եւ ունակ է ծանրագույն հարված հասցնել հակառակորդին:
«Հակառակորդի, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների ռազմական սխալը հավասարազոր է վառոդի տակառի պայթյունի, որի վրա տեղավորվել են ԱՄՆ-ն ու իր շահերը, եւ որը կայրի տարածաշրջանն ու ԱՄՆ-ը, նրա շահերն ու դաշնակիցներին»,- հավելել է Շեկարչին: