«Նա մի մարդ է, որն ամբողջ ժողովրդի արժեք ունի». լույս է տեսել Նարեկացու «Մատյան ողբերգության» նոր թարգմանությունը
Լույս է տեսել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արեւելահայերեն նոր թարգմանությունը, որը կատարել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։ Այսօր` հունիսի 22-ին, հոգեւոր, մշակութային, կրթական ու հասարակական գործիչների մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ ստեղծագործության շնորհանդեսը։
Իսկ մինչ այդ՝ հունիսի 20-ին, ուխտագնացություն էր կատարվել դեպի պատմական Վանի նահանգի Նարեկավանք, որից ոչ հեռու գտվող սբ Գրիգոր Նարեկացու ճգնարանում կատարվել է գրքի օրհնության կարգ։
«Մատյան ողբերգության» գրքի նոր թարգմանությունը հրատարակել է «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ եւ Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ։
Շուրջ 30 տարի Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արեւելահայերեն թարգմանության վրա:
«Թարգմանությունը լռության արվեստն է: Գիտե՞ք լուռ մնալն ինչքան բարդ բան է: Եթե դուք կարդաք թարգմանություն եւ տեսնեք թարգմանիչ անձին, դա վատ թարգմանություն է: Տվյալ մարդուց պահանջվում է բացարձակ անանձնականություն: Թե որքանով է դա ինձ մոտ ստացվել, գնահատականը կտան ընթերցողները: Թարգմանությունն ուղղակի պետք է լինի թափանցիկ ապակի եւ ապահովի անխաթար հաղորդակցությունը հեղինակի եւ ընթերցողի միջեւ»,-ասում է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Դարեր շարունակ Նարեկացին դրել են բարձի տակ, հիմա էլ դարձել է վաճառվող սուվինիր, բոլորն իրար Նարեկացի են նվիրում, բայց այդ գիրքը կարդալու համար է: 1000 տարի առաջ այդ գիրքը գրվել է ու 1000 տարի ուղեկցում է մեզ: Հայոց լեզուն Նարեկացուց առաջ եւ Նարեկացուց հետո լրիվ տարբեր է եղել: Նա լեզվին հոգեւոր թեւեր է տվել: Նա մի մարդ է, որն ամբողջ ժողովրդի արժեք ունի: Եկել է վերջապես այդ գիրքը բացելու եւ կարդալու ժամանակը»,-հավելում է նա:
Արթուր Ջանիբեկյանն իր խորին շնորհակլությունը հայտնեց Տեր Մեսրոպին` գրքի թարգմանությունը ստանձնելու համար.
«Ես անչափ հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինել հենց այն մարդը, որը պետք է աջակցեր այս միջոցառման կայացմանը: Սա առաջին դեպքն է, երբ Նարեկացու արեւելահայերեն թարգմանությունը կատարվել է հոգեւորական կողմից: Այն գրվել է` ընթացքում աղոթքներ կատարելով, եւ սա է պատճառը, որ ընթացքը տեւել է 30 տարի: Ամեն ինչ կանենք մեր ուժերի ներածին չափով, որպեսզի Նարեկացուն էլ ավելի ներկայանալի դարձնենք` որպես մեր համազգյին ստեղծագործության աստվածաբանության թագ ու պսակ»,-իր խոսքում նշեց նա:
Սբ Գրիգոր Նարեկացին Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբերից է եւ դասվում է սրբոց Թարգմանչաց վարդապետների կարգին:
Թարգմանչի բնորոշմամբ՝ Նարեկացին համայն մարդկության սեփականությունն է եւ խոսում է բոլոր մարդկանց անունից: «Նարեկացին «Մատյանում» չի գործածում «հայ» և «Հայաստան» բառերը, սակայն նրա ստեղծագործությունը ամենախոր ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա: Նարեկացին ընդարձակել է հայ լինելու իմաստը` վերածելով այն համամարդկային առաքելության»,-ասում է Տեր Մովսեսը:
Ստեղծագործությունն այսուհետ կարելի է գտնել գրատներում։