Կրեմլում բացատրել են դեպի Վրաստան թռիչքները արգելելու պատճառները
Վրաստանի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը հարկադիր սահմանափակում էր Թբիլիսիում ծայրահեղական գործողությունների ֆոնին, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ուրբաթ Պուտինը ստորագրել է հրաման «Հանցավոր եւ այլ անօրինական գործողություններից ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու եւ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությունը ապահովելու համար առանձին միջոցներ կիրառելու մասին», որի համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 8-ին ՌԴ-ի ավիաընկերություններին արգելվել է իրականացնել ՌԴ-ից քաղաքացիների օդային ճանապարհով ուղեւորափոխադրումները դեպի Վրաստան: Տուրիստական օպերատորներին եւ գործակալներին խորհուրդ է տրվում արգելքի ընթացքում չվաճառել տուրիստական ուղեգրեր ՌԴ-ից դեպի Վրաստան, իսկ կառավարությունը պետք է ապահովի Վրաստանում ժամանակավորապես գտնվող ռուսների տեղափոխումը ՌԴ:
«Խոսքը վերաբերում է հարկադրված սահմանափակման մասին, որը կիրառվել է ռուսական կողմից՝ նպատակ ունենալով ռուս քաղաքացիների անվտանգության ապահովումը ծայրահեղական գործողությունների ֆոնին, որոնք ներկայումս տեղի են ունենում Վրաստանում»,-ասել է Պեսկովը:
Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:
Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:
Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ: