Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է ռուս լուսանկարիչ Եվգենի Ժիլյաևի անհատական ցուցահանդեսը
Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է ռուս լուսանկարիչ, լեռնային փրկարար, միջազգային կարգի սպորտի վարպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Եվգենի Ժիլյաևի անհատական ցուցահանդեսը՝ «Սպիտակ. 5 րոպե լռություն» խորագրով:
Ցուցահանդեսում ներկայացված են 30 տարվա վաղեմություն ունեցող կադրեր. 1988թ. հեղինակը մեկնել էր Սպիտակ որպես Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալ: Ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական է. ինչպես հիշում է հեղինակը՝ փրկարարական աշխատանքների յուրաքանչյուր ժամից հետո անհրաժեշտ էր հինգ րոպե լռություն փլատակների տակ մնացած կենդանի մարդկանց ձայները լսելու համար:
Այս ցուցահանդեսը հավաքածուի երրորդ ցուցադրումն է. առաջին երկուսը կայացել են Ռուսաստանում՝ 2018թ. դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի փրկարարների միությունում, այնուհետև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնում: Իսկ ավելի վաղ՝ 2018թ. նոյեմբերի 28-ին Ե.Ժիլյաևը հրավիրվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ազնավուր» հիմնադրամի ջանքերով կազմակերպված «Մատյան երախտագիտության» խորագիրը կրող ձեռնարկին. պարգևատրվել է հուշամեդալով:
Երևանյան ցուցահանդեսի աջակիցներն են՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան, «Մոսկովյան հանրագիտարաններ» հիմնադրամը, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պովոլժյան մասնաժյուղը, ցուցահանդեսների կազմակերպման և լուսավորչական ծրագրերը, Երևանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, PhotoPodium.com հարթակի հայաստանյան ներկայացուցիչ և ցուցահանդեսի համադրող Արմեն Ենգոյանը, լուսանկարիչներ և այլք:
Ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչև հուլիսի 10-ը, այնուհետև կտեղափոխվի Սպիտակ՝ մշտական ցուցադրության: