ԱՄՆ իշխանություններն արգելել են ամերիկյան ինքնաթիռներին թռչել Օմանի և Պարսից ծոցերի վրայով
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) արգելել է ամերիկյան ինքնաթիռներին թռչել Իրանի կողմից վերահսկվող Օմանի և Պարսից ծոցերի օդային տարածքով, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
«Ծանուցումն օդաչուների համար (NOTAM) տարածվում է ամերիկյան բոլոր ավիափոխադրողների և առևտրային օպերատորների վրա»,- ասվում է վարչության Թվիթերի հաղորդագրությունում։
Թռիչքներն այդ ջրերի վրայով արգելվում են մինչև հետագա կարգադրություն։ Ընդ որում՝ օդաչուները կարող են արգելքը շրջանցել արտակարգ իրավիճակում։
Վարչությունում նշել են, որ արգելքը կապված է «սաստկացած ռազմական ակտիվության և աճած քաղաքական լարվածության», այն է՝ Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խփվելու հետ։ Այս առնչությամբ առևտրային չվերթերը գտնվում են ռիսկի գոտում, ավելացրել են FAA-ում։
Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը տեղեկացրել էր ամերիկյան անօդաչուի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Մուսավին դատապարտել է ԱՄՆ անօդաչուի ներխուժումն Իրանի օդային տարածք։
Իր հայտարարությունում Մուսավին բողոք էր հայտնել «երկրի օդային տարածքի խախտման ագրեսիվ և սադրիչ քայլի» կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ Իրանի սահմանների խախտման պատասխանատվությունն ընկած է այն կողմի վրա, որը կատարել է ներխուժումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում գրել է, որ Իրանը մեծ սխալ է գործել։ Ավելի ուշ Կանադայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նշել էր, որ անօդաչուն կարող էր սխալմամբ խփված լինել։ Նրա խոսքով՝ դրոնը անզեն էր և գտնվում էր միջազգային ջրերի տարածքում, այն կարող էր խփել «հիմարի ու անբանի մեկը»։
«Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»- ասել է Թրամփը։