Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելուն, բայց հետո մտափոխվել է. The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելուն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերն ամերիկյան անօդաչու սարք են խփել, բայց ավելի ուշ մտափոխվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։
«Նախագահ Թրանփը հավանություն է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն՝ ի պատասխան այն բանի, որ խփվել է ամերիկյան հետախուզական անօդաչու սարք, բայց հետո՝ հինգշաբթի երեկոյան, օրվա ընթացքում լարվածության թեժացումից հետո, մտափոխվել է»,- ասվում է նյութում։
Թերթի աղբյուրների խոսքով՝ «հինգշաբթի ժամը 19.00-ին (Երեւանի ժամանակով՝ ուրբաթ օրվա ժամը 01.00) Սպիտակ տանը նախագահի օգնականների, որոնք զբաղվում են ազգային անվտանգության հարցերով, եւ Կոնգրեսի ղեկավարների միջեւ ակտիվ խորհրդակցություններից եւ վեճերից հետո, զինվորականները եւ դիվանագետներն սպասում էին, որ հարվածներ կհասցվեն»։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահը «սկզբում հավանություն տվեց հարվածներ հասցնելուն Իրանի ոչ մեծաթիվ թիրախների, ինչպիսին են ռադիոտեղորոշիչ կայանն ու հրթիռային մարտկոցները»։ Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը պետք է գրոհն սկսեր Իրանում ուրբաթ արշալույսից առաջ, «որպեսզի նվազագույնի հասցվեր ռիսկն իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց համար»։ «Սակայն շուտով (ամերիկացի) զինվորականներին տեղեկացրել են, որ հարվածներ չեն հասցվելու գոնե ժամանակավորապես»,- ասվում է նյութում։
Հոդվածում փաստվում է. «Պարզ չէր՝ արդյո՞ք Թրամփը պարզապես է մտափոխվել հարվածների հարցում, թե՞ վարչակազմն է փոխել ծրագրերը լոգիստիկ կամ ռազմավարական այլ նկատառումներով»։ Ինչպես նշում է պարբերականը, առայժմ պարզ չէ, թե «արդյոք դեռեւս հարվածներ կհասցվեն»։
Թերթի տվյալներով՝ այս ռազմական գործողության իրականացման օգտին Թրամփի շրջապատում հանդես են եկել, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԿՀՎ տնօրեն Ջինա Հեսփելը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը։ «Սակայն Պենտագոնում առանցքային անձինք նախազգուշացրել են, որ այդ քայլերը կարող են հանգեցնել արագ թեժացման եւ սպառնալիքի տակ դնել ամերիկյան ուժերը տարածաշրջանում»,- ասվում է նյութում։
Օրենսդիրները նույնպես ծանոթացել են Վաշինգտոնի պլաններին։ Դեմոկրատները հայտարարել են, որ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ պահանջում է ամերիկյան օրենսդիրների հավանությունը։
Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը տեղեկացրել էր ամերիկյան անօդաչուի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Մուսավին դատապարտել է ԱՄՆ անօդաչուի ներխուժումն Իրանի օդային տարածք։
Իր հայտարարությունում Մուսավին բողոք էր հայտնել «երկրի օդային տարածքի խախտման ագրեսիվ եւ սադրիչ քայլի» կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ Իրանի սահմանների խախտման պատասխանատվությունն ընկած է այն կողմի վրա, որը կատարել է ներխուժումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում գրել է, որ Իրանը մեծ սխալ է գործել։ Ավելի ուշ Կանադայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նշել էր, որ անօդաչուն կարող էր սխալմամբ խփված լինել։ Նրա խոսքով՝ դրոնը անզեն էր եւ գտնվում էր միջազգային ջրերի տարածքում, այն կարող էր խփել «հիմարի ու անբանի մեկը»։
«Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»- ասել է Թրամփը։