Ալիևը ուժեղացնում է պաշտպանությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ
Մինչ Հայաստանում ներքաղաքական տիրույթում շրջադարձային փոփոխություններ են շարունակվում դատական համակարգում, Ադրբեջանում Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել ուժային կառույցներում: Ընդ որում, դրանցից մեկով Ալիևը հեռացրել է դեռևս հոր նախագահության մեկնարկից ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռամիլ Ուսուբովին: Նա այդ պաշտոնում է 1994 թվականից: Հնարավոր կլիներ այդ փոփոխությունը բացատրել նրա տարիքով՝ 71 տարեկան, եթե չլիներ մյուս հանգամանքը: Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարին: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը փաթեթային փոփոխություն է կատարում ներքին իրավիճակի համար պատասխանատու ուժային կառույցներում:
Այն, որ Ադրբեջանում ներքին իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ վաղուց, նորություն չէ: Ալիևը պարբերաբար ստիպված է բորբոքել «լրտեսական կրքեր», ընդ որում, դրանք ոչ միշտ է այսպես ասած՝ հայկական հետքերի վերագրում: Բավականին բարդ է ստույգ գնահատել, թե հատկապես ինչ վտանգներ է զգում Ալիևը ներսում, կատարելով առանցքային կառույցների ղեկավարների պաշտոնանկություն, սակայն այստեղ, իհարկե, հնարավոր ռիսկերի շարքում անշուշտ պետք է դիտարկել արցախյան հարցը, հատկապես պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած մի բավականին ուշագրավ հայտարարության ֆոնին:
Մասնավորապես, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել, և նախագահ Ալիևը անում է ամեն ինչ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար: Այլ կերպ ասած, Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանին թույլ չեն տալիս պատերազմել, և Ալիևը անում է ամեն ինչ, այդպիսի թույլտվություն ստանալու համար:
Նյուն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր հոդվածում: