ԱԹՍ-ն կարող էր խոցել «հիմար եւ անգործ» մեկը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ նշելով, որ դա կարող էր սխալմամբ լինել, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել է, որ Իրանը շատ մեծ սխալ է գործել:
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ն զինաթափվել է եւ գտնվել է միջազգային ջրերում, այն կարող էր խոցել «հիմար եւ անգործ» մեկը:
«Ենթադրում եմ, որ դա կարող էր անել մեկը, ով սխալ է թույլ տվել՝ խոցելով այդ ԱԹՍ-ն»,- ասել է Թրամփը Կանդայի վարչապետ Ջասթին Թրյուդի հետ ելույթի ժամանակ:
Հարցին, թե ինչպես ԱՄՆ-ը կպատասխանի Իրանին, Թրամփն ասել է.
«Կիմանաք»:
Նա նաեւ նշել է, որ արդեն հայտնի է, որ ԱԹՍ-ն եղել է միջազգային ջրերում եւ ոչ թե Իրանի տարածքում, ինչպես պնդում է Թեհրանը: Թրյուդոն, իր հերթին, ասել է, որ անհանգստացած է Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության կապակցությամբ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ այսօր Իրանի օդային տարածքում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: ԱՄՆ-ում պնդում են, որ այն գտնվել է միջազգային օդային տարածքում: Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին քննադատել է Իրանի տարածք ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժումը: Մուսավին իր հայտարարության մեջ բողոք է հայտնել երկրի օդային տարածքի խախտման «ագրեսիվ եւ սադրիչ» քայլերի դեմ: Նա նշել է, որ Իրանի սահմանը խախտելու պատասխանատվությունն ընկած է ներխուժում իրականացրած երկրի վրա: