Մոսկվայում Խաչատրյան քույրերի աջակցության համար պիկետներ են անցկացվել
Մոսկվայում մոտ 300 մարդ պիկետի է դուրս եկել ՔԿ գլխավոր վարչության շենքի մոտ, իրենց աջակցությունը հայտնելու Խաչատրյան քույրերին, որոնց մեղադրում են իրենց հոր սպանության մեջ, հաղորդում է Esquire-ը:
Պիկետները սկսվել էին հունիսի 19-ին՝ չորեքշաբթի, մոտ 18:00-ին: Ակցիաները տեւել են մոտ 4 ժամ, ձերբակալություններ չեն եղել՝ չնայած դեպքի վայր ժամանած մի քանի ոստիկանական մեքենաների:
Պիկետի կազմակերպիչներից, ֆեմինիստուհի եւ նկարչուհի Դարյա Սերենկոն հայտարարել էր ակցիայի շարունակության մասին նաեւ հինգշաբթի՝ հունիսի 20-ին՝ նույն ժամին եւ նույն տեղում:
Հունիսի 14-ին Կրեստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատրյաններին վերջնական մեղադրանք էր ներկայացվել: Քույրերին դատելու են «մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն» հոդվածով: Ըստ հոդվածի՝ նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:
Պաշտպանական կողմը պնդում է, որ քույրերը սպանությունն իրականացրել են երկար տարիներ շարունակվող բռնության պատճառով անհրաժեշտ պաշտպանության շրջանակում եւ խնդրում է դադարեցնել քրեական գործը եւ վերաորակավորել մեղադրանքի հոդվածը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում իր բնակարանում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ պարանոցի ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով։
Աղջիկները խոստովանել էին սպանությունը եւ պատմել, որ իրենց հայրը երկար տարիներ ծաղրում եւ սեքսուալ բռնություն էր իրականացնում նրանց նկատմամբ:
2018 թվականի սղեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը աղջիկներին ազատ էր արձակել կալանքից՝ փոխելով նրանց խափանման միջոցը որոշակի արգելքներով: Փորձաքննությունն ավագ քույրերին մեղսունակ էր ճանաչել, ինչպես նաեւ պարզել, որ կրտսերք քույրը անմեղսունակ է եղել: