Իրանը կչեղարկի անձնագրերի կնիքները զբոսաշրջիկների համար
Իրանը կչեղարկի մուտքի և ելքի կնիքները՝ զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար, ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է ԻՐՆԱ-ն։
Ռաբիի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել երկիր մուտքի և ելքի կնիքներից հրաժարվելու նախաձեռնությանը՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների եւ «տնտեսական ահաբեկչության»։ «Այսպիսով զբոսաշրջիկները կիմանան, որ Իրան ուղևորվելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնա նրանց կյանքի վրա հետագայում»,- պարզաբանել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ ԱՄՆ-ը ոչ միայն վերականգնել է նախկին պատժամիջոցները Թեհրանի դեմ, այլև նորերն է մտցրել։