Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով հարգանքի տուրք մատուցեցին Արաքս Դավթյանի հիշատակին
Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված համերգ կազմակերպվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, հունիսի 18-ին ներկայացրին Արաքս Դավթյանի երկացանկի ստեղծագործությունները: Մասնավորապես, հնչեցին Ստրադելլայի, Պուչինիի, Չայկովսկու, Վիվալդիի, Կանաչյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը:
«Այս համերգի մտահղացումն իմը չի եղել, Հայաստանի պետական կամերային նվագախմբինը և Երևանի պետական կամերային երգչախմբինն է: Շատ շնորհակալ եմ այս հրավերի համար: Արաքս Դավթյանն ինձ համար շատ հոգեհարազատ անուն է, և մասնակիցներն էլ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով են այն նվիրում Արաքս Դավթյանի հիշատակին»,-նշեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանն էլ ընդգծեց, որ անձամբ ճանաչել է Արաքս Դավթյանին, և նրան բնորոշեց որպես բացառիկ և պատրաստակամ անձնավորության, երաժշտության նվիրյալի:
Հավելենք, որ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:
Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ:
1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010 թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։