Ադրբեջանի պաշտպանության նախարարն անհեթեթաբար բերնից թռցրել է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անհեթեթաբար բերնից թռցրել է։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ Մայիսի 22-ին ադրբեջանական մամուլը՝ հղում կատարելով ԱՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը, տարածել է հաղորդագրություն այն մասին, որ նախարար Հասանովն այցելել է սահմանամերձ շրջան։ Ինչպես հետևում է հաղորդագրությունից, նախարարն այցելել է «ճակատի տարբեր ուղղություններում տեղակայված առաջնագծի զորամասեր», ստուգել դրանց մարտական պատրաստվածության մակարդակը, հետևել Հայաստանի զինված ուժերի առաջնադիրքերին և «ստացված տվյալների հիման վրա տվել համապատասխան ցուցում՝ անհապաղ կասեցնել, հրազենային բոլոր միջոցների կիրառմամբ, հակառակորդի սադրանքներ կատարելու փորձերը»։
Այս հայտարարությունը մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայկական ԶՈւ-ն հետևել է նախարարին ուղևորության ընթացքում, և վախեցած Հասանովը հեռացել է առաջնագծից։ Բաքվում զայրացել են այս պնդումից և, հավանաբար, մոռացել, թե ինչի մասին է խոսքը։
Եվ ահա հիմա Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այցելել է զորամասեր Բեյլագանի շրջանում, որը ղարաբաղյան ճակատի գծից հեռու է 35-38 կիլոմետր։ «Ինչ զենքով են հայերը հետևել ինձ, որ վախեցրել են, և ես հեռացել եմ ճակատի գծից։ Հայկական բանակում չկա այնպիսի զենք, որը կրակում է 35 կիլոմետր հեռավորության վրա»,- անվերապահորեն ասել է Հասանովը՝ մեկնաբանելով Արմեն Գրիգորյանի ասածը։
Այնինչ, «դեպքի վայրում» կատարված լուսանկարներում միանշանակ պատկերված է մի ինչ-որ «ճակատամերձ տեղանք», իսկ ինքը՝ նախարարը, սաղավարտով և զրահաբաճկոնով է։ Այստեղից եզրակացություն՝ կամ նախարարը սովորության համաձայն ստել է, կամ ադրբեջանական բանակում նման շոուները՝ «ճակատ այցելություններով», այդպես էլ պետք է լինեին։