ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը՝ ՀՀ մշտական ներկայացուցչի նախագահությամբ
Հունիսի 14-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay) ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հրավերով մասնակցեց Կազմակերպությունում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովին։
Ժողովի ընթացքում Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանկոֆոն խմբի անունից շնորհակալություն հայտնեց գլխավոր տնօրենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներում կազմակերպության դերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչը Օդրե Ազուլեին ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբի գործունեությունը և նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպվելիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, «Ապրել միասինի» արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ՀՀ նախագահության շրջանակներում Հայաստանի կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը։
Օդրե Ազուլեն ողջունեց Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները և, գոհունակություն հայտնելով Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի երեկոյի, ինչպես նաև ՖՄԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով խմբի նախաձեռնությունների կապակցությամբ, ՅՈւՆԵՍԿՕ-ի լիակատար աջակցությունը հայտնեց դրանց կազմակերպմանը։