ԱՄՆ-ի զինվորականների տեսանյութը չի ապացուցում Իրանի մասնակցությունը լցավաների վրա հարձակման գործում. փորձագետներ
Հետախուզության ոլորտում անկախ փորձագետները համարում են, որ տեսանյութը, որն ամերիկյան զինվորականները հրապարակել են Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումների առնչությամբ, չի ներկայացնում որեւէ ապացույց հարձակումների համար Իրանի ենթադրաբար պատասխանատվության վերաբերյալ, հաղորդում է Newsweek-ը:
Ընդ որում՝ դա բնավ չի նշանակում, որ Իրանը պատասխանատու չէ այդ հարձակումների համար, շտապում են հավելել այդ փորձագետները՝ նշելով, որ, քանի որ Թրամփի վարչակազմը խստացնում է տնտեսական պատժամիջոցներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Թեհրանն ունի բավականաչափ հիմք լցանավերի դեմ այդպիսի բարդ հետապնդվող ահաբեկչական գործողություն կատարելու համար նավթի գինը բարձրացնելու համար, որն Իրանը վաճառում է այս օրերին: Սակայն, նույն փորձագետների խոսքերով՝ Մերձավոր Արեւելքում աճող լարվածության ֆոնին տարածաշրջանում կան բազմաթիվ այլ խաղացողներ, որոնք ունեն լուրջ առիթներ այդպիսի հարձակումներ իրագործելու համար:
«Պետք է հարց տալ, եթե դա Իրանը չէ, ապա ով է, գրողը տանի»,- Newsweek-ին հայտարարել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ռազմավարական վերլուծաբան Էնթոնի Քորդեսմանը: «Կարելի է ենթադրել, որ ԻՊ-ն է իրականացրել հարձակումը երկու թշնամիների՝ Միացյալ Նահանգների եւ Իրանի բախումը կազմակերպելու համար: Կամ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն են ստեղծել նախատիպ, որը հետագայում նրանք կարող են օգտագործել Իրանի նկատմամբ ճնշումն ավելացնելու համար»:
Eurasia Group ռիսկերի գնահատման միջազգային խորհրդատվական ընկերության Մերձավոր Արեւելքում իրավիճակի վերլուծության բաժնի ղեկավար Այհամ Քամելը հայտարարել է, որ սաուդյան նավթային սարքավորումների վրա եմենցի ապստամբների վերջերս իրագործած հարձակումները ներկայումս սպառնում են թագավորության անվտանգությանը:
«Սաուդցիները մտահոգված են»,-հայտարարել է Քամելը: «Ի պատասխան՝ նրանք կփորձեն ստիպել ԱՄՆ-ին գործել»:
Մյուս փորձագետները նշել են, որ հնարավոր է՝ հարձակումները Իրանի մեկ ուրիշ թշնամու՝ Իսրայելի կողմից անցկացված այսպես կոչված «կեղծ դրոշի» գործողություններն էին: Որոշ վերլուծաբաններ նաեւ ենթադրել են, որ հարձակումներն ուղղորդված էին Թրամփի վարչակազմի անդամների կողմից որպես Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առիթ:
«Պատերազմի ապացույցներ հավաքելու ԱՄՆ-ի փորձն այնքան էլ լավը չէ»,-ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկին ռազմական հետաքննիչ Ուիլյամ Չերչը: «Նրանք ստում էին Վիետնամում պատերազմի նախօրեին, ստում էին զանգվածային ոչնչացման զենքի մասին Իրաքում պատերազմից առաջ: Երբ տեղի են ունենում լցանավերի վրա այդ հարձակումները, մենք պետք է հարց տանք՝ ինչու եւ որն է մոտիվացիան՝ ի լրումն ուսումնասիրված փաստաթղթերի»:
Չերչը մատնանշել է անցած տարվա մայիսին իրանյան միջուկային համաձայնագրից Թրամփի վարչակազմի դուրս գալու, Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերականգնման, ինչպես նաեւ իրանյան նավթի ութ խոշորագույն սպառողների նկատմամբ պատժամիջոցների հետաձգման մերժման մասին, որը կատարվել էր Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակներում՝ ուղղված միջուկային համաձայնագրի պայմանների շուրջ Իրանի հետ նոր բանակցություններ սկսելուն, որոնք Միացյալ Նահանգների համար ավելի բարենպաստ կլինեին: Չերչը նշել է նաեւ, որ ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը բացահայտ կերպով կոչ է արել Իրանում ռեժիմի փոփոխման:
Ինչ վերաբերում է տեսանյութին, Չերչը նշել է, որ անհրաժեշտ է անել շատ ավելին նախքան Իրանի պատասխանատվության մասին ինչ-որ եզրակացություններով ներկայանալը: «Տեսանյութը ոչինչ չի նշանակում»,-ասել է նա Newsweek-ին: «Մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպես է դա կատարվել եւ ինչպիսի հաջորդականությամբ»:
Չերչը, որը նաեւ երկար տարիներ ծառայել է որպես ԱՄՆ-ի հետախուզության սպա Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Աֆրիկայում, խոստովանում է, որ իրանցիներն ունեն «Հաշթի» դասի պարեկային նավեր: Սակայն նա նշում է, որ Իրանի ռազմածովային ուժերն են, ոչ թե ԻՀՊԿ-ը, տնօրինում հարձակումների տարածքին ամենամոտ ռազմածովային բազան, ինչը մատնանշում է իրանյան նավերի պատկանելիության վերաբերյալ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության նկարագրության մեջ հնարավոր հակասությունը: Նա նաեւ նշում է, որ տեսանյութից պարզ չէ, թե երկու տուժած լցանավերից հատկապես որն է երեւում:
Բացի այդ, Չերչն ասել է, որ պարզ չէ՝ արդյոք պայթյունի պատճառն ականներն էին: Կային որոշ հաղորդագրություններ, որ լցանավերից մեկի անձնակազմի անդամները տեսել են թռչող առարկա, գուցե՝ անօդաչու սարք՝ ուղղված դեպի նավը նախքան պայթյունը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դրոնը պայթուցիկ է հասցրել լցանավին:
«Մերձավոր Արեւելքում անօդաչու սարքերն ու ականներն արժեն տասը ցենտ»,-ասել է նա: «Բոլորն ունեն դրանք: Այդ պատճառով պետք է իմանալ շատ ավելին, քան այն, ինչը մեզ ցույց է տալիս տեսանյութը»: