Թուրքիայով Եվրամիություն են մեկնում ավելի քիչ թվով ապօրինի միգրանտներ. լրատվամիջոց
2019 թվականի առաջին 4 ամիսներին Թուրքիայով Եվրամիություն մեկնող ապօրինի միգրանտների թիվը զգալիորեն կրճատվել է, հայտնում է Welt am Sonntag շաբաթաթերթը:
Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն, որին հունիսի 15-ին հղում է կատարել գերմանական շաբաթաթերթը, 2019 թվականի մայիսի 5-ի դրությամբ ժամանողների ընդհանուր թիվը կազմել է 11217՝ 29 տոկոսով քիչ, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, երբ գրանցվել էր 15833 մարդ:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ գրեթե բոլոր ապօրինի միգրանտները Թուրքիայից Հունաստան են ժամանել (11076 մարդ) եւ միայն աննշան մասը՝ Բուլղարիա ու Իտալիա: Սակայն, չնայած փախստականների թվի նվազմանը, «Թուրքիայի եւ Հունաստանի ցամաքային սահմանին ծանրաբեռնվածությունը շարունակում է բարձր մնալ», նշված է փաստաթղթում: Թուրքիայի իշխանությունները հայտնում են «մարդկանց մեծ թվի» մասին, որոնց թույլ չեն տվել անցնել Հունաստանի սահմանը: