«Իմ կոչը՝ իրանցի եղբայրներին. զգույշ եղեք և կուրսը փոխեք». ԱՊԼ գլխավոր քարտուղար
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Նյու Յորքում կազմակերպության գլխամասային գրասենյակում հանդիպումից հետո հայտարարել է, որ լցանավերի միջադեպի հետ կապված ստանում է բավականին հակասական տեղեկություններ, հայտնում է Associated Press-ը:
«Մեր կարծիքով՝ պատասխանատուն պետք է հստակ հայտնաբերվի: Փաստերը կբացահայտվեն, և ես համոզված եմ, որ դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նա:
Գեյթը հանդես է եկել կոչով՝ ուղղված Իրանին:
«Իմ կոչը՝ իրանցի եղբայրներին. զգույշ եղեք և կուրսը փոխեք, որովհետև դուք բոլորին հակազդեցության եք մղում, և եթե դա տեղի ունենա, ոչ ոք իրեն անվտանգության մեջ չի զգա»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ և հրդեհներ, տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Ճապոնական Kokuka Courageous նավի անձնակազմին տահանել էր ԱՄՆ ՌԾՈՒ Bainbridge ականակիրը, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակազմին, որոնց թվում ռուսաստանցիներ են եղել, իրանցի սահմանապահները տարհանել են իրենց Ջասք նավահանգիստ: ԱՄՆ-ն հարձակումների մեջ մեղադրել է Իրանին: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքել է: