Առեւտրի հարցերով եվրահանձնակատարը հույս ունի, որ Թրամփն ու Ցզինպինը կհանդիպեն
Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, որպեսզի նրանք փորձեն պակասեցնել առեւտրային լարվածությունը երկու երկրների միջեւ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը համարում է, որ նրանց հանդիպումը «լավ միտք է»: «Փաստը, որ գոնե կա հավանականություն, որ դա կարող է հանգեցնել ապաէսկալացիայի: Այդ երկու երկրների երկխոսությունը լավ նշան կլինի ամբողջ աշխարհի համար»:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարաբերությունները սրվել են, քանի որ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Պեկինի վրա, որպեսզի վերջինս փոխի իր առեւտրային քաղաքականությունը: Անցած ամիս լարվածության սրումն առաջացրել էր անհանգստություն լայնածավալ առեւտրային պատերազմի առիթով, որը կարող է գլոբալ ռեցեսիա հրահրել:
Չնայած Եվրոպական միությունը համաձայն է ԱՄՆ-ի քննադատությունների մեծ մասի հետ, սակայն համարում է, որ պետք է այլ ճանապարհ ընտրել՝ օգտագործելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը վեճերը հարթելու եւ նոր կանոնները քննարկելու համար, ասել է Մալմստրեմը:
Նա նշել է, որ Չինաստանին անհրաժեշտ են ռեֆորմներ, եւ վերջինս պետք է հրաժարվի հսկայական արդյունաբերական սուբսիդիաներից ոչ միայն գաղափարական, այլ նաեւ պրագմատիկ պատճառներով եվրոպական, ամերիկյան եւ այլ արեւմտյան ներդրումների անդադար հոսքն ապահովելու համար: