Ամանորյա գիշերը ու՞մ է առաջինը զանգահարում Արսեն Ջուլֆալակյանը
Operativ.amի հետ զրույցում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, տարվա լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը պատմեց, թե ինչպես և ում հետ է դիմավորելու գալիք Ամանորը:
Ինչպե՞ս եք անցկացնելու գալիք Ամանորը:
-Այս տարի որոշել եմ Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքիս հետ, այնուհետև նշելու եմ ընկերներիս հետ:
Ցանկությու՞ն չկար արտերկիր մեկնելու:
-Վերջին մի քանի տարիներին Ամանորին դրսում եմ եղել, այս տարի բավական շատ եմ բացակայել Հայաստանից, կարոտում եմ տունը, հարազատներիս, դրա համար էլ ցանկացա այս տարի երկրում անցկացնել:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Արդեն ոչ:
Ի՞նչ երազանքներ ունեք, որ ցանկանում եք իրականություն դառնան գալիք տարում:
-Ես չեմ սպասում, որ Ձմեռ պապիկը իրականացնի իմ երազանքները, ես եմ իրականացնում դրանք:
Հնարավո՞ր է մյուս տարի իրականացնեք Ձեր՝ աշխարհի չեմպիոն դառնալու երազանքը:
-Իհարկե, ամեն ինչ կանեմ իմ այդ երազանքը իրականություն դարձնելու համար:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Ամանորին:
-Որպես այդպիսին չեմ կարող նշել յուրահատուկ նվեր. ցանկացած նվեր էլ հաճելի է ինձ համար, ոչ ամանորյա այլ ուղղակի յուրահատուկ նվեր կարող եմ նշել Գագիկ Ծառուկյանի նվիրած բնակարանը, սակայն ինձ համար նվերի գինը չէ, որ կարևոր է, ի սրտե նվիրված նույնիսկ փոքր նվերն ինձ համար շատ հաճելի է:
Կհիշե՞ք Ամանորի հետ կապված հետաքրքիր դեպք:
-Մի անգամ ընկերներով Ամանորին Գերմանիայում էինք, հունվարի երկուսին պրոֆեսիոնալ գոտեմարտ ունեի, ընկերներս գոտեմարտիս օրը վատացան, քանի որ շատ «ուժեղ» էին նշել Ամանորի գիշերը, զավեշտալի չէր, ցավալի էր, բայց ամեն դեպքում այդ օրը շատ հետաքրքիր էր:
Ամանորին ի՞նչ եք նախընտրում ուտել:-
Հիմնականում քաղցրավենիք և խմորեղեն:
Ու՞մ եք առաջինն այցելելու:
-Կնոջս ծնողների տուն:
Ձեր մարզական ընկերներից ո՞վ է Ձեզ առաջինը շնորհավորում:
-Ով կարողանա առաջինը զանգահարել, քանի որ կապերի ծանրաբեռնվածության պատճառով դա այնքան էլ հեշտ չէ, իսկ ես առաջինը զանգահարում եմ իմ մարզիչներին:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան