Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ-ի հետ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր աշխատելու մասին տեղեկությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ թույլ չէր տա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբորը որպես ԿՀՎ իրազեկիչ օգտագործել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես տեսել եմ տեղեկությունը ԿՀՎ-ի մասին՝ նրա եղբոր կամ խորթ եղբոր վերաբերյալ: Եվ ասացի, որ նման բան տեղի չէր ունենա իմ ղեկավարությամբ, դա հաստատապես: Ես թույլ չէի տա, որ նման բան պատահեր»,- ասել է նա լրագրողներին:
Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվել էր Մալայզիայի օդանավակայանում, եղել էր ԱՄՆ ԿՀՎ իրազեկիչը և մի քանի անգամ հանդիպել է նրա աշխատակիցների հետ:
Պարբերականի տեղեկություններով՝ Կիմ Չեն Նամը 2017 թվականի փետրվարին ուղևորվում էր Մալայզիա՝ ԿՀՎ-ից իր կապավորին հանդիպելու համար: Նա մի քանի օր է անցկացրել նաև Լանգկավի հանգստավայրում, որտեղ հանդիպել է կորեա-ամերիկյան ծագմամբ անհայտ տղամարդու հետ, ինչի մասին ոստիկանությունը հայտնել էր Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվող կանանց դատավարության ժամանակ:
Աղբյուրներին վկայակոչելով՝ պարբերականը հայտնել էր, որ Կիմ Չեն Նամը շփվել է մի քանի երկրների անվտանգության ծառայությունների հետ, այդ թվում՝ Հարավային Կորեայի, ՉԻնաստանի և Ճապոնիայի: Պարբերականի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայրը փորձել է հատուկ ծառայությունների հետ հարաբերություններ հաստատել՝ իր ընտանիքին պաշտպանելու համար, եթե նրան վտանգ սպառնա, և ֆինանսական օգուտ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը, մահացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ոստիկանության հաղորդմամբ՝ նա գանգատվել է ուժեղ գլխապտույտից՝ պատմելով, որ ինչ-որ մեկն իր դեմքին անհայտ հեղուկ է ցողել, որից հետո փախուստի է դիմել: Մալայզիայի իշխանությունները հայտարարել էին, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարող VX նյութի ազդեցության հետևանքով, որն արգելված է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով: Հանգուցյալի մոտ գտել էին դիվանագիտական անձնագիր Կիմ Չհոլ անվամբ, բայց Հարավային Կորեան ամենասկզբից իսկ հայտարարել էր, որ սպանվածը Հյուսիսային Կորեայի ղեկավարի ավագ եղբայրն է: Ավելի ուշ սա հաստատվել էր փորձաքննությամբ: