Գյուլբեյը փորձում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը վերագրել քրիստոնյա թուրքերին
«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող «ASİMDER» կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը այցելել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցի և հանդես եկել անհեթեթ հայտարարությամբ:
Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվականի` Գյուլբեյն ասել է, թե Սուրբ Խաչը ոչ թե հայերն են կառուցել, այլ քրիստոնյա թուրքերը: Որպես իր ասածի հիմնավորում` նա մատնանշել է եկեղեցու վերնամասում պատկերված քանդակը, որտեղ պատկերված է վազող ձի վրայից հետընթաց ուղղությամբ նետահարող նեղաչք ձիավոր: Ըստ նրա` ամբողջ աշխարհի պատմաբաններն ընդունում են, որ վազող ձիու վրայից դեպի հետ նետահարում էին միայն թուրքերը, իսկ նեղաչք լինելը փաստում է, որ ձիավորը հայ լինել չէր կարող: Բացի այդ ձիու ու ձիավորի ոտքերին կիսալուսին կա, որը թուրքերի սիմոլիկայում եղել է դեռևս իսլամի ընդունումից առաջ: «ASİMDER»-ի նախագահը նաև նշել է, որ հայերը ունեն իրենց բոլոր եկեղեցիների, որպես անշարժ գույքի սեփականության վկայական, իսկ ահա Աղթամարի Սուրբ Խաիչնը չունեն:
Թուրք գործիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Աղթամարի եկեղեցում մատուցվելիք ամենամյա պատարագին այս տարի իրենք էլ են մասնակցելու որպես քրիստոնյա թուրքերի հետնորդներ:
Նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ին Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից 915-921թթ.: Պատմաբան Ռեդգեյթը իր «Հայերը» գրքում գրում է, որ Գագիկն այդ եկեղեցու կառուցման համար հրավիրել էր հարևան երկրների գրեթե բոլոր արքունի ճարտարապետներին և վարպետներին: Սուրբ Խաչը հնում եղել է Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։