Թուրքիայի հավաքականի ավագին ծաղրել են․ Խոսափողի փոխարեն՝ խոզանակ
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իսլանդիայի իշխանությանը մեղադրել է թուրք ֆուտբոլիստների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հաղորդում է BBC-ն։
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի օդանավակայանում Թուրքիայի հավաքականի ավագ Էմրե Բելեզօղլուի հետ ճեպազրույցի ժամանակ մի տղամարդ լրագրողների հետ մոտեցել է ֆուտբոլիստին, սակայն խոսափողի կամ ձայնագրիչի փոխարեն պարզել է խոզանակ։ Բացի այդ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստների ուղեբեռը օդանավակայանում ստուգել են մի քանի ժամ։
Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։
«Իսլանդական օդանավակայանում մեր ազգային թիմի նկատմամբ վերաբերմունքը անթույլատրելի է դիվանագիտական կամ հումանիտար տեսանկյունից»,- գրել է նախարարը Թվիթերում։
Իսլանդիայի եւ Թուրքիայի հավաքականները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը Ռեյկյավիկում կանցկացնեն հունիսի 11-ին։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Եվրո-2020-ի երրորդ տուրի Թուրքիա - Ֆրանսիա հանդիպումից առաջ թուրք ֆանատները սուլել էին Ֆրանսիայի հիմնի ժամանակ։