Հայաստանը՝ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
Հունիսի 5-7-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի անդամ պետությունների Կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ` 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար։ Տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից բաղկացած միջկառավարական կոմիտեն մշտադիտարկում է անդամ պետությունների կողմից 2005թ. կոնվենցիայի կատարումը, հավանություն է տալիս մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամից նախագծերի ֆինանսավորմանը, ուսումնասիրում է երկրների կողմից ներկայացված ազգային զեկույցները։
Տեղեկանք. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան աջակցում է արվեստագետներին, մշակութային ոլորտի փորձագետներին և քաղաքացիներին ստեղծագործել և տարածել իրենց մշակույթը, ինչպես նաև ընդլայնել միջմշակութային համագործակցությունը` համահավասարության և հասանելիության սկզբունքների վրա։ Կոնվենցիան խրախուսում է պետություններին իրականացնել մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և խթանմանն ուղղված քաղաքականություն: