Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետի. Գերմանիայի ԱԳ նախարար
Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետի, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ կոչ անելով եվրոպական տերություններից գլխավորել բանակցություններն իրավիճակի շուրջ լուծումներ գտնելու համար, հաղորդում է PressTV-ն:
«Գոյություն ունի հաշվարկներում սխալվելու, թյուրիմացությունների, սադրանքների վտանգ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների այդ ծայրահեղ լարված տարածաշրջանում»,-նախազգուշացրել է Մաասը Իրաքի մայրաքաղաք Բաղդադ ժամանելիս:
«Վերջին էսկալացիան պահանջում է մեզնից, որպես եվրոպական հարեւաններ, միջամտել ի շահ ապաէսկալացիայի եւ խաղաղ համակեցության»,-նշել է նա: «Մենք չենք կարող պարզապես ձգտել երկխոսության, մենք պետք է վարենք դա հատկապես այնտեղ, որտեղ տարբերություններն անհաղթահարելի են թվում, իսկ հակամարտությունները շարունակվում են երկար տարիներ շարունակ»:
Նրա խոսքով՝ Եվրոպան լի է վճռականությամբ պահպանելու 2015 թվականին Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը՝ անվանելով այն «տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար առանցքային գործոն»:
Մաասը բարձր է գնահատել Բաղդադի «հավասարակշռված» մոտեցումը եւ տարածաշրջանում լարվածության թուլացման ուղությամբ դերակատարումը:
«Մենք չենք կարող այժմ լքել Իրաքը»,-ասել է նա Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի եւ նախագահ Բահրամ Սալիհի հետ բանակցություններից հետո՝ խոստանալով շարունակել աջակցել Իրաքի ջանքերին վերականգնման հարցում:
Նշեք, որ հաջորդ շաբաթ Մաասը կայցելի Իրան: