ԱՄՆ-ը պետք է առավել երախտապարտ լինի Հայաստանին, քան նախկինում. ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական
Հայաստանը շրջապատված է բարդ հարեւաններով, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խրոհրդական Ջեյմս Ջոնսը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է համագործակցի այնպիսի երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է՝ առեւտրի եւ փոխանակման ծրագրի օգնությամբ: Ջոնսը նշել է նաեւ նման տարածաշրջաններում, մասնավորապես, Եվրասիայում եւ Հայաստանում, մասնավոր սեկտորի հետ համագործակցության կարեւորությունը:
«Առեւտուրն այն է, ինչը փոխում է մարդկանց կյանքն ու հույս տալիս նրանց»,- ընդգծել է Ջոնսը:
Ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը հավելել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լավ համբավ ունի Միացյալ Նահանգներում:
«Հայաստանը բարեկամական երկիր եմ համարում: Հայաստանը որպես գործընկեր աջակցում է ՆԱՏՕ-ին, եւ մենք պետք է առավել երախտապարտ լինենք Հայաստանին, քան նախկինում»,- նշել է նա:
Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը նշել է ընկերությունը պահպանելու նոր ընկերներ ձեռք բերելու կարեւորություն մասին:
«Սակայն կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է շփվի առավել ընդունելի ձեւով, որոշ հարցերում առավել դիվանագիտորեն»,- հավելել է նա:
Միեւնույն ժամանակ Ջոնսը կարծում է, որ չի կարելի չնշել գերտերությունների միջեւ մրցակցությունն ու այն, որ հանրային միջոցառումների ժամանակ ասվածը տարբերվում է նրանից, ինչ է իրականում տեղի ունենում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների մակարդակով: