Մեր դաշինքը Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերից է բխում. ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Մեզ իսկապես շատ բան է կապում՝ ոչ միայն պատմական, այլ նաեւ մշակութային, հոգեւոր, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամուր եւ հուսալի կապերը: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Իմ կարծիքով, դա իմ համոզմունքն է, մեր երկու երկրների հարաբերությունները շատ ամուր են: Մեզ իսկապես շատ բան է կապում՝ ոչ միայն պատմական, այլ նաեւ մշակութային, հոգեւոր, տնտեսական, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամուր եւ հուսալի կապերը: Մենք միմյանց կարիքն ունենք: Հայաստանը պետք է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Հայաստանին»,- ասել է Կոպիրկինը:
Դեսպանի խոսքով՝ այդ ամենն ամուր հիմք է երկու երկրների հարաբերությունների համար, եւ երկու երկրների ղեկավարություններն եւս կարծում են, որ մենք ռազմավարապես մոտ ենք եւ միմյանց կարիքն ունենք:
«Մեր համագործակցությունը, բարեկամությունն ու դաշնակցությունը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերից: Եվ այդ հիմքն է սահմանում երկու երկրների կառավարությունների մոտեցումը մեր հարաբերությունների հանդեպ: Բնականաբար, կյանքը դժվար է, աշխարհը փոփոխվում է, հարաբերությունները տարբեր են լինում, եւ դրանցում հարցեր են առաջանում: Դա անխուսափելի է, սակայն գլխավորն այն է, որ երկու կողմերը հասկանան միմյանց, մենք իսկապես դաշնակիցներ եւ եղբայրական երկրներ ենք: Եվ համոզված եմ, որ հենց դա կսահմանի մեր հարաբերությունների հեռանկարը»,- ընդգծել է ՌԴ դեսպանը:
Դիվանագետը չի համաձայնվել այն մտքի հետ, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում պոտենցիալը շատ առումներով չի իրականացվել: Նրա խոսքով՝ պարզապես կան ոլորտներ, որոնք կարող են առավել ակտիվ օգտագործվել.
«Բոլոր ոլորտները, այդ թվում՝ մշակույթ, գիտություն, կրթություն, տուրիզմ, տեխնոլոգիաներ: Կարծում եմ՝ սրանք այն ուղղություններն են, որոնց հատուկ ուշադրություն կհատկացնենք»: