Եթե ԱՄՆ-ն եւ Թուրքիան չկարողանան համաձայնության հասնել F-35-ի շուրջ, բոլոր թուրք օդաչուները պետք է երկիրը լքեն
ԱՄՆ-ն հիասթափված է Ռուսաստան ռազմական մասնագետներ ուղարկելու Թուրքիայի որոշմամբ՝ ռուսական Ս-400 ԶՀՀ աշխատանքը սովորելու համար, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Reuters-ը, աղբյուրին վկայակոչելով, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն որոշել է այլեւս թուրք օդաչուներին չընդունել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքը սովորելու համար:
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկխոսությունը եւ մեր ռազմավարական գործընկերությունը: Սակայն ԱՄՆ-ն հիասթափված է՝ իմանալով, որ Թուրքիան Ռուսաստան է ուղարկել անձնակազմ Ս-400 համակարգերի աշխատանքը սովորելու համար: Ս-400-ն անհամատեղելի է F-35-ի հետ: Մենք բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ Թուրքիան F-35 չի ստանա, եթե ընդունի Ս-400-ի մատակարարումը»,- հայտարարել է Լորդը ճեպազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում:
Նա հավելել է, որ այս քայլերից եւ ոչ մեկն անշրջելի չէ:
«Եթե Թուրքիան որոշի հրաժարվել Ս-400-ի մատակարարումից, մենք անհամբերությամբ սպասում ենք ծրագրով սովորական գործունեության վերականգնմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն F-35-ի հետ կապված թուրք մասնագետներին բավարար ժամանակ կտա, որ նրանք կարողանան ԱՄՆ-ից հեռանալ մինչեւ հուլիսի 31-ը, եթե ԱՄՆ-ն եւ Թուրքիան համաձայնության չգան: