ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ստեղծել կանաչ տնտեսություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել աշխարհի երկրների առաջնորդներին աշխատել «կանաչ» էկոլոգիայի, ոչ թե ստվերային «մոխրագույն» տնտեսության ստեղծման շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է ընդունենք կլիմայի առումով արտակարգ դրությունը: Տաքացումն արագանում է, իսկ քաղաքական կամքը, ըստ ամենայնի, դանդաղում»,-ասել է նա ուրբաթ Սանտկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալիս:
«Մեզ պետք է կանաչ, ոչ թե մոխրագույն տնտեսություն»,-ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Գուտերիշի խոսքով՝ «անհրաժեշտ է սովորել նորովի կառուցել քաղաքները եւ դադարել սուբսիդավորել ածխածնային վառելիքը»: Նա հիշեցրել է, որ այդ թեման կքննարկվի կլիմայի հարցով գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա ՄԱԿ-ում սեպտեմբերի վերջին:
Սանտկ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն ընթանում է հունիսի 6-8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգ» կարգախոսի ներքո: