Էրդողանը կարող է սեփական կուսակցությունում խռովության հետ բախվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է սեփական կուսակցությունում խռովության հետ բախվել, գրում է The Economist- ը:
Ինչպես նշում է թերթը, Թուրքիայի տնտեսությունը սարսափելի վիճակում է, եւ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը թուլացած է տեղական ընտրություններում կորուստների պատճառով:
Ավելի շատ վկայություններ են հայտնվում, որ Էրդողանի նախկին դաշնակիցներից ոմանք, ներառյալ նախագահի պաշտոնում նրան նախորդը եւ նախկին վարչապետը, պատրատսվում են մրցակից քաղաքական կուսակցություն ստեղծել:
Այն բանից հետո, երբ ընդդիմությունը հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հանձնարարել է կրկնակի քվեարկություն անցկացնել: Լայն տարածված է այն կարծիքը, որ այդ քայլը կազմակերպվել է Էրդողանի եւ նրա շրջապատի կողմից:
Արդարություն եւ զարգացում կուսակցության որոշ նախկին անդամներ միացել են այդ իրադարձություններից դժգոհների թվին:
Աբդուլլահ Գյուլը՝ նախկին նախագահը, որոշումն անարդար է անվանել: Նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն ասել է, որ դա հակասում է օրենքի գերակայությանը: Դավութօղլուն նոր մանիֆեստ է հրապարակել, որտեղ քննադատել է Սահմանադրությունը, (որը Էրդողանին տալիս է գրեթե անսահմանափակ լիազորություններ) ԱԶԿ նոր դաշինքը ծայրահեղ ազգայնականների հետ, լայնածավալ գրաքննությունը եւ «զուգահեռ կառուցվածքի» ազդեցությունը:
Գյուլը եւ Ալի Բաբաջանը մի խումբ նախկին նախարարների հետ պատրաստվում են խզել կապերը ԱԶԿ հետ եւ կուսակցություն ստեղծել:
Նրանք պատրաստ էին այդ անել տարվա սկզբին, սակայն որոշեցին սպասել մինչեւ տեղական ընտրությունները, ասում է կառավարության նախկին խորհրդական Էթյեն Մահչուպյանը: «Նրանք աշնանը կգործեն», - նշել է նա: Կմիանա արդյոք նրանց Դավութօղլուն, հայտնի չէ: Ինսայդերներն ասում են, որ նա եւ Բաբաջանը լարված հարաբերություններ ունեն:
Շատ բան կախված է Ստամբուլում հունիսի 23-ին նշանակված կրկնակի ընտրությունների արդյունքներից:
Էրդողանի համար խոշորագույն քաղաքում պարտությունը ցավոտ էր: Երեք ամսում երկրորդ պարտությունը կարող է լեգիտիմության ճգնաժամ առաջացնել: ԱԶԿ ներսում քննադատները կարող են հանդգնել արտահայտնվել:
2001 թվականին՝ ԱԶԿ պաշտոնական գործարկման նախօրեին տված հարցազրույցում Էրդողանը խոստացել էր, որ իր նոր կուսակցությունում ավտոկրատները տեղ չեն ունենա. «Առաջնորդը կուսակցությանը չի մթագնի»: Սկզբում թվում էր, թե նա խոստումը կատարել է: Բայց վերջին տասնամյակում Էդողանը ԱԶԿ-ն վերածել է անձնական գործիքի: Հին գվարդիայի անդամները դուրս են մղվել: 2016 թվականի չհաջողված պետական հեղաշրջումից հետո նախագահն իրեն շրջապատել է մարդկանցով, որոնք միշտ «այո» են ասում, եւ ընտանիքի անդամներով: Չեզոքությունը գերիշխում է մնացյալ ամեն ինչին: Հին ԱԶԿ-ն այլեւս գոյություն չունի, ասում է նախկին խորհրդարանական Իբրահիմ Թուրհանը. «Հիմա դա Էրդողանի կուսակցությունն է»:
Առայժմ հայտնի չէ, թե պառակտվածներն ընտրողների ինչպիսի աջակցություն կկարողանան ստանալ: Երկրի ղեկավարությունից դժգոհությունն աճում է, բայց քիչ թվով վերլուծաբաններ ակնկալում են, որ նոր պահպանողական կուսակցությունը կստանա ԱԶԿ ընտրազանգվածի զգալի մասը:
Էրդողանը հետ է մղել իր կառավարման բազմաթիվ սպառնալիքներ, հաճախ բավականին դաժանորեն, որպեսզի ցանկացած մեկին տարհամոզի կրկնակի փորձից: Նա կարող է նաեւ այս փորձը կանխել սաղմում: Բայց եթե դա տեղի ունենա, ապա կդառնա ամենալուրջ խնդիրը, որին նա կբախվի: