ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել թուրք օդաչուներ ընդունել F-35 կործանիչներով թռչել սովորելու համար
ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել թուրք օդաչուներ ընդունել F-35 կործանիչներով թռչել սովորելու համար, ինչը ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելու Անկարայի ծրագրերի պատճառով խորացող վեճի ակնհայտ նշան է, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ընդ որում՝ աղբյուրները հայտնել են, որ որոշումը չեղարկելու հնարավորությունը բաց է մնում, եթե Թուրքիան իր ծրագրերը փոխի: Նրանց խոսքով՝ որոշումն առայժմ տարածվում է թուրք օդաչուների եւ վերանորոգման բրիգադների վրա, որոնք պետք է ԱՄՆ ժամանեին:
Մինչեւ հիմա պաշտոնական որոշում չկա Արիզոնայի Լյուկ ավիաբազայում թուրք օդաչուների եւ վերանորոգման բրիգադների պատրաստումը դադարեցնելու մասին, նշել են աղբյուրները: Այդուհանդերձ, անցյալ շաբաթ Reuters-ը հայտնել էր, որ այս քայլը լրջորեն քննարկվում է:
Ներկայումս Լյուկում մարզվում են 4 թուրք օդաչուներ: Եվս 2 թուրք օդաչուներ ԱՄՆ բազայում աշխատում են որպես հրահանգիչ: Բացի այս 6 թուրք սպաներից, բազայում պատրաստություն են անցնում եւս 20 թուրք ուղեկցորդներ, ասում են զինվորականները:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե կընդունի նոր թուրք օդաչուների: Բայց շեշտել է, որ Անկարայի հետ բանակցություններ, բանավեճեր են վարվում «Պատրիոտ» ՀՀՊ-ի հնարավոր վաճառքի շուրջ, որն արտադրում է Raytheon Co-ն: