Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ. Իսրայելցի նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ:
Վարչապետը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտը ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ` խթանելու ոլորտի զարգացումը: Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երեւանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը:
Ահարոն Ահարոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման եւ իսրայելական ընկերություններին երեւանյան կոնգրեսին մասնակցելու հրավերի համար: Նա նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժը եւ այդ առումով կարեւորել մասնավոր հատվածների միջեւ փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը: Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի խոսքով` բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ եւ հավելել, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ: Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երեւանյան կոնգրեսին իր մասնակցությունը կունենան իսրայելական տարբեր ընկերությունները: Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին եւ ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը:
Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը եւ միջպետական պայմանագրի ստորագրումը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները եւ կարեւորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացումը: